National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.06.2011
ԱԺ Պատվո մեդալ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար Ալբեր Բոյաջյանին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ, բարեգործական եւ հայանպաստ երկարամյա ակտիվ գործունեության համար ազգային բարերար Ալբեր Բոյաջյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Բարերարին հանձնելով ԱԺ բարձրագույն պարգեւը` խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Հարգելի պարոն Բոյաջյան,

Ողջունում եմ  Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Շատ ուրախ  ենք հյուրընկալել մի մարդու,  ով իր անուրանալի ներդրումն ունի հայոց անկախ պետականության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի  սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Դուք կազմակերպիչն ու մասնակիցն եք բազմաթիվ հայանպաստ ձեռնարկների եւ մշտապես թիկունք եք կանգնել համազգային գաղափարների իրականացմանը թե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում, եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

 Մենք բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգանպաստ ու հայապահպան գործունեությանը»:

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի երրորդ հանրապետության 20-ամյակը` ԱԺ նախագահն ասաց, որ անկախության հռչակումով առավել եւս պարտադրված ենք միասնականության, որովհետեւ պետության անկախության հարատեւման հիմնական երաշխիքը ժողովրդի միասնությունն է: Կարեւոր չէ, թե որտեղ են գտնվում այդ ժողովրդի հատվածները` Հայաստանո՞ւմ, ԱՄՆ-ո՞ւմ, Ֆրանսիայո՞ւմ, թե՞ Սիրիայում, որովհետեւ կա նրանց միավորող եւ միեւնույն ժամանակ քաջալերող անկախ հայրենիքը: «Դուք մեր ժողովրդի այն զավակներից եք, ով մշտապես գիտակցում է հայրենիքի շահը, երբեք չի մոռանում իր արմատները, միաժամանակ մնալով այն երկրի օրինապաշտ ու լիարժեք քաղաքացի, որտեղ ապրում եւ գործում է` դրանով իսկ կամրջելով միջպետական կապերը: Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների առկա բարձր մակարդակի ապահովման մեջ նշանակալի է նաեւ Ձեր անձնական դերակատարությունը», - դիմելով բարերարին` ասաց Հովիկ Աբրահամյանը:«Հարգելի պարոն Բոյաջյան, Ձեր ծառայությունները մատուցելով հայրենիքին, Դուք բնավ չեք ակնկալել որեւէ փոխհատուցում` գիտակցելով, որ անկախ գտնվելու վայրից, հայրենիքին սատար կանգնելն ու նրա հզորացմանը նպաստելը յուրաքանչյուր հայի սրտի թելադրանքն է»:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով Ալբեր Բոյաջյանին` հայանպաստ ու ազգանվեր գործունեության համար եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ  ՀՀ ԱԺ բարձրագույն պարգեւն իր ուրույն տեղը կզբաղեցնի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններից բարերարի ստացած բարձր պարգեւների շարքում:

Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի եւ պարգեւի համար` Ալբեր Բոյաջյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս շարունակել մասնակցություն ունենալ հայրենիքի եւ հայ ժողովրդի հզորացմանն ուղղված ծրագրերին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am